ԵՄ-ն կպահպանի Իրանի հետ համաձայնագիրը՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Մակրոն
Եվրամիությունը մտադիր է ապահովել Իրանում իր ընկերությունների ներկայությունը՝ չնայած միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը: ԵՄ առաջնորդները հաստատել են իրենց մտադրությունը՝ պահպանել Եվրոպայի ռազմավարական և տնտեսական ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սոֆիայում հինգշաբթի բացվել է ԵՄ-Արևմտյան Բալկանններ գագաթնաժողովը:
«Երեկ ինտենսիվ քննարկումներ են տեղի ունեցել իրանական հարցի և առևտրի շուրջ: Եվրոպան միասնական դիրքորոշում է պահպանում տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման անհրաժեշտության հարցում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ Իրանի հետ 2015 թվականի համաձայնագիրը կարևոր բաղադրիչ է այդ հավասարակշռության համար, այդ պատճառով մենք այն պաշտպանում ենք»,- ասել է Մակրոնը:
«Մենք աշխատելու ենք Իրանի հետ համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ՝ անկախ ԱՄՆ-ի որոշումից: Ավելի կոնկրետ՝ տրամադրելով քաղաքական աջակցություն և ապահովելով մեր ընկերությունների ներկայության կարևորությունը, բայց նաև բոլոր կողմերին դրդելով շարունակել բանակցություններն անհրաժեշտ ավելի լայն համաձայնագրի ուղղությամբ»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշել է, որ սեպտեմբերից ի վեր հայտարարել է, որ «2015 թվականի համաձայնագիրը պետք է լրացվի 2025 թվականից հետո միջուկային ծրագրերի հարցերի, հրթիռային ծրագրի ոլորտում գործունեության և տարածաշրջանային ներկայությանը վերաբերող պայմանավորվածություններով»:










