Համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն. Նիկոլ Փաշինյանը՝ հարձակումների, Հերացի փողոցի, «Երևան սիթիի» միջադեպերի մասին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելն անդրադարձավ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին:
Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, կոչ արեց լուծել տուժած քաղաքացիների խնդիրները: «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն: Նրանց ավտոմեքենաները ջարդվել են, և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ նա նշեց, որ արդյունքում կարճվել է գործը: «Ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով, մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճել»,-ասաց նա և նշեց, որ կլինեն շատ հստակ ուղերձներ:
Վարչապետը կոչ արեց ստուգել կարճման օրինականությունը, քանի որ, եթե մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը՝ ակնհայտ է, որ այդ կարճման որոշումը օրենքի հետ որևէ կապ չունի:
Հարցին անդրադարձավ նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսեց «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած հարձակման դեպքից, երբ հարձակվել էին Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջած ցուցարարների վրա: Նա ասաց, որ այս հարցին ևս պետք է ոստիկանությունը ուշադրություն դարձնի:
«Ընդհանրապես, մեր սկզբունքը հետևյալն է. մեր երկրում բռնությունը ` որպես գործիք, պետք է բացառվի, բացառված բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա: Պետք է ունենալ բռնությունից զերծ հանրություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:










