Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության դրական փոփոխության մասին չենք կարող խոսել. Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, ասաց. «Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, ու սաբոտաժ չի կարող լինել»:
Հարցին` նա նո՞ւյնպես կողմ է, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները հստակ տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:
Tert.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակը, հաշվի առնելով այն, որ երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, նշեց, որ չափազանց ծանր է տնտեսության վիճակը, իսկ հետո, ըստ նրա, դարձրեց հեռանկարային, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել, տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են, և պիտի կարողանանք այդ սպասումներն արդարացնել: Տնտեսության ժառանգության մասին գիտեք` մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել, և հիմա արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, արդեն դե ֆակտո ընդլայնված են: Հիմա պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու պատշաճ ձևով, ներդրումների տեսքով արձագանքեն»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները սկսվել են: Քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնեն և կորոշեն՝ ռեյտինգային ընտրակարգի վերացում կլինի, թե ոչ:










