Արարատի ցեմենտի գործարանում բողոքի ակցիան դադարեցվեց. Ծառուկյանը պետք է գա, անձամբ ասի՝ ինչ է անելու

09:55 • 17.05.18

12:30

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարարանում բողոքի ակցիան քիչ առաջ դադարեցվել է, ցեմենտով  բեռնատարները բացել են դեպի գործարանի մուտք տանող ճանապարհը, և կողմերը բաժանվել են՝ պայմանավորվելով կրկին հանդիպել մայիսի 25-ին:

«Նորից, ինչպես առաջ էր՝ Ծառուկյանը գա, անձամբ իր բերանով ասի՝ ինչ-որ ասելու է»,- մանրամասնեց աշխատակիցը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով նվազագույնը 150 հազար դրամի հասցնել 50-70 հազար աշխատավարձերը: Եվ այդ օրը որոշվեց, որ պետք է հավաքվեին մայիսի 25-ին, և Գագիկ Ծառուկյանը պատասխաներ: Սակայն երեկ գիշեր գործարանի աշխատակիցները լրատվամիջոցներին ահազանգեցին, որ անցած օրերին ճնշումներ ու աշխատանքից ազատելու սպառնալիքներ են եղել:

Հարցին, թե մտավախություն չունեն արդյոք, որ նույն բանը կկրկնվի, գործարանի աշխատակիցը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Չէ, իրենք ժողովրդի ռեակցիան էին ստուգում ու տեսան, որ ոչ մեկին չեն կարողանում ցրել:


10։46

Արարատի ցեմենտի գործարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գործարան է ժամանել «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով առաջարկել է փոքր խմբի հետ քննարկում անել:

«Որ ամեն արտադրամասից մի-մի հոգի գա, բանակցեն, բայց դե չենք համաձայնվում, որովհետև իրենց այդ հնարավորությունը տրվել էր, բայց իրենք ուրիշ բան արեցին»,- Tert.am-ին ասաց աշխատակիցներից մեկը։

Վերջինս նշեց, թե Սեդրակ Առուստամյանն ու արտադրամասի պետերը, որոնք անձամբ են սպառնացել աշխատակիցներին աշխատանքից ազատել, նշում են, թե դա սուտ ինֆորմացիա է, նման բան չկա:

«Հենց արտադրամասի պետերը, որ ըտենց բաներ էին ասում, իրենք էին հերքում, ժողովուրդն էլ պատասխանում էր, իրենք չէին կարողանում պատասխանել»,- ավելացրեց նա:

Գործարանի մուտքը շարունակում է փակ մնալ:


09։55


Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են սկսել գործարանի մոտ։ Ինչպես Tert.am–ին հայտնեց գործարանի աշխատակիցը, որը ցանկացավ անանուն մնալ, ամբողջ գործարանը մեկ մարդու նման կանգնած է ցեմենտի գործարանի բակում, իսկ գործարանի մուտքը փակված է ցեմենտով բեռնված տասնյակ մեքենաներով:

«Ներկա պահին ողջ գործարանը կանգնած  է: «Ցեմենտանվոզներով» սաղ փակած է, ղեկավարները գալիս համոզում են, որ բացենք, բայց նման բան չկա»,- ասաց գործարանի աշխատակիցը:

Նշենք, որ գիշերն արդեն իսկ խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ  առավոտյան ժամը 7-30 Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցները փակելու են գործարանի մուտքը և պահանջելու են հարգել իրենց աշխատանքային իրավունքները կապված այն հանգամանքի հետ, որ օրեր առաջ բարձրաձայնել են աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ և արժանացել աշխատանքից հեռացվելու սպառնալիքին: Աշխատակիցները  պահանջում են   Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, ում ընտանիքին պատկանում է գործարանը:

«Պահանջում ենք, որ Ծառուկյանը ներկայանա, հոգնել  ենք, որ տարբեր մարդիկ ինչ-որ պատասխաններ են տալիս»,- ասաց գործարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ևս  Արարատի ցեմենտի գործարանում  շուրջ 1200 աշխատակիցներից մոտ կեսը  բողոքի ակցիա էին  իրականացրել  գործարանի դիմաց՝ պահանջելով իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջել էին են մինչև մայիսի 20-ը վճարել ապրիլի աշխատավարձերը: 

Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանն իջել էր և աշխատողներին հրավիրել գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար, ապա առաջարկվել էր սպասել մինչև մայիսի 25-ը. այդ օրը կպատասխանեն՝ համաձա՞յն են, թե՞ ոչ։

Աշխատակիցների պահանջն է՝ նվազագույն աշխատավարձը դարձնել 150 000 դրամ:

Մեկնաբանելով այն, որ աշխատակիցները փաստացի չեն սպասել մինչև մայիսի 25-ը գործարանի աշխատակիցը նկատեց, որ իրենք հասկացել են, որ գործարանի ղեկավարությունն իրենց փաստորեն խաբել է, ժամանակ է շահել: