Սալվադորի նախկին նախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ 300 միլիոն դոլարի յուրացման համար

13:04 • 17.05.18

Սալվադորի դատարանը որոշել է հետաքննություն սկսել երկրի նախկին նախագահ Էլիաս Անտոնիո Սակայի նկատմամբ: Այդ մասին ասված է երկրի գլխավոր դատախազության հայտարարությունում, գրում է ТАСС-ը:

«Նախնական լսմանը մասնակցած դատախազները համաձայնություն են հայտնել ավելի քան 1.600 էջից բաղկացած դատարանի որոշմանը, որը պատշաճ կերպով ուղեկցվում է ապացույցներով»,- նշվում է փաստաթղթում:


Վերստուգիչ մարմինը կարծում է, որ 2004-2009 թվականներին երկիրը գլխավորած Սական, ինչպես նաև նրա կառավարության վեց անդամները ներգրավված են մոտ 300 միլիոն դոլարի յուրացման գործում: Նրանց բոլորին մեղադրանքներ կառաջադրվեն փողերի յուրացման և լվացման համար:

Ամբաստանյալների թվում են հայտնվել Կապի և Երիտասարդության հարցերի նախարարությունները գլխավորած Խուլիո Ռանկը և Սեսար Ֆունեսը: