«10-ից 10» զվարճանքի համալիրում պահվում է կարմիրգրքյան բեզոարյան այծ. Econews.am

14:09 • 18.05.18

Երևանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել: «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Այս մասին գրում է Econews.am կայքը:

«Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում: Զրուցեցինք (EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք) Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ, ով նաև համակարգում է արջերի փրկության ծրագիրը: «Լուսանկարում էգ բեզոարյան այծ է, տարիքը՝ մեկ տարեկանից ավել: Չեմ կարող միանշանակ ասել, թե կենդանին որտեղից է եկել, բայց հիմնականում գիտեմ՝ ինչպես են այդ այծերը հասնում Երևան: Սովորաբար, կանաչ սեզոնին, երբ մարդիկ սարերում կանաչեղեն են հավաքում, կենդանին հանդիպում է, բռնում և վաճառում են: Երբեմն էլ Մեղրու, Կապանի շրջանում հայտնվում են հատուկ ձագ բռնողներ: Բերում են Երևանում 100-200 դոլարով վաճառում են»,- ասաց նա:

Ինչպես նշեց Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- ասաց նա: 

Նշենք, որ «10-ից 10» զվարճանքի համալիրը «ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ կազմի մեջ է, որն էլ հայտնի «Իքս Գրուպ» ընկերության մաս է: Վերոնշյալ «10-ից 10» զվարճանքի համալիրում հրաձգությունը ևս համարվում է զվարճանքի ձև և պարբերաբար իրականացվում է հրաձգության հրավեր»,-գրում է Econews.am-ը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: