Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել արմավիրցիների զանգվածային թունավորման փաստով

11:14 • 18.05.18

ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  277-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք ՔՕ նշված հոդվածը՝ Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:

Այս հանցանքի համար նախատեսված է  պատիժ՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշանակված են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ պարզելու թունավորման պատճառը:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում սննդային թունավորմամբ հիվանդանոց  էր  տեղափոխվել 90 անձ. բոլոր անձինք հայտնել են, որ կերել են մատակարար կազմակերպության առաքած հավով և մայոնեզով սենդվիչը:

ՔԿ-ից հավելեցին, որ դեռ պարզ չէ՝ արդյոք թունավորումը եղել է այդ սենդվիչներից, ինչպես նաև նշեցին, որ հիվանդանոց է տեղափոխվել 71 անձ: