Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների հետ կապված սկանդալում ներգրավված Cambridge Analytica-ն սնանկության դիմում է ներկայացրել. BuzzFeed
Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը, որը ներգրավված է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների օգտագործման շուրջ առաջացած սկանդալում, սնանկության մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնում է BuzzFeed-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Cambridge Analytica-ն, որը պատկանում է բրիտանական SCL Elections խորհրդատվական ընկերությանը, Մանհեթենի դատարան է դիմել սնանկության մասին դիմումով: Բացի այդ, դատարան սնանկության մասին հայտարարություն է ներկայացրել SCL Group ընկերության ամերիկյան մասնաճյուղը, որի մեջ մտնում է SCL Elections-ը:
Փաստաթղթերում բացահայտվում են կազմակերպության ներսում ֆինանսական հարաբերությունների մասին որոշ մանրամասներ: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ի ակտիվները կազմում են 101 դոլարից մինչև 500 հազար դոլար, իսկ հարկային պարտավորությունները՝ 1 միլիոն դոլարից մինչև 10 միլիոն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ իրենց ծառայությունների պահանջարկի կտրուկ նվազման և եկամտի կրճատման պատճառով:
Cambridge Analytica-ի շուրջ սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ The New York Times թերթը հայտնեց, որ Facebook-ն այդ վերլուծական ընկերությանն է փոխանցել սոցցանցի մոտ 87 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները:










