Դիրքային պայքար է ընթանում, նախկին իշխանավորները չեն վախենում. Հայկ Բալանյան (տեսանյութ)

22:56 • 18.05.18

Ներկա կառավարությունը ես կկոչեի ոչ թե անցումային,այլ ճգնաժամային, որովհետև գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց անկախ փորձագետ, քաղաքագետ Հայկ Բալանյանը:

«Կարծում եմ՝ սպասելիքները և ժողովրդի վերաբերմունքը կախված են նրանից, թե ինչպիսի ընթացք կունենա այս մի քանի ամիսը, գուցե կես տարին, անգամ գուցե մի քանի օրը: Գլխավոր հարցը իշխանության հարցն է, ներկա պահին կա տարօրինակ վիճակ, երբ որ դատական և օրենսդիր  իշխանության ճյուղերը գտնվում են հին նոմենկլատուրայի ձեռքում, իսկ գործադիր իշխանությունը՝ հեղափոխության: Այդ հակասությունը լուծում պետք է ունենա, մեր բախտը բերել է, որ գնում ենք թավշյա ճանապարհով, բայց պետք է հասկանանք մի բան՝ կա երկու հակադիր կողմ»,- շեշտեց նա:

Հայկ Բալանյանի կարծիքով՝ կարևոր է վերլուծել և հասկանալ, թե հակադիր կողմերը ինչպես են իրենց դիրքերը գնահատում: Նրա դիտարկմամբ՝ նախկին համակարգի միսն ու արյունը եղել է գանձագողությունը, հանցագործությունը, և նախկինները վախ չունեն, որովհետև տեսնում են, որ իրենց նկատմամբ չեն կիրառվի այն մեթոդները, որոնք իրենք կկիրառեին, օրինակ, կհայտարարեին, որ ցուցմունքներ կան և չորս ժամում հարցը կլուծեին, կփակեին: Քաղաքագետի կարծիքով՝ ներկայիս իշխանության մեջ գտնվող մարդկանցից շատերը ռոմանտիկ են, ազնիվ, ուստի նախկինների կողմից թույլ են դիտարկվում:

«Նախկին ապարատը դիմադրում է, և այս ամենը վերածվել է դիրքային պայքարի, երբ մի կողմից ժամանակ է պահանջվում, որ նախկին իշխող դասակարգի կողմից ընկալվի, որ խաղը անհույս պարտված է, մյուս կողմից՝ մեր ժողովուրդը պետք է իր համար ընկալի, որ այնուամենայնիվ հաղթելու ենք: Խնդիրը մեկն է՝ ինչ մեթոդներով և ինչ ժամկետներում կկատարվի»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ լավ կլիներ, որ Կառավարությունը ծրագիր չներկայացներ, և խորհրդարանը ցրվեր, արտահերթ ընտրությունները արագ կկազմակերպվեին:

Մանրամասները՝տեսանյութում: