«Ծառուկյան դաշինքը», պաշտպանելով երթևեկության տուգանքների չափը նվազեցնելու նախագիծը, այն մեկ շաբաթով սառեցնում է․ Ն․ Զոհրաբյան

12:23 • 18.05.18

«Ծառուկյան դաշինքը» մեկ շաբաթով սառեցնում է Երթևեկության տուգանքների չափը նվազեցնելու նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ երթևեկությանը հետևող տեսախցիկների ու արագաչափերի տուգանքները ներելու մեխանիզմներ պետք է մշակվեն, ինչպես նաև՝ դրանք ժամանակավորապես պիտի կասեցվեն: 

Այս մասին  Tert.am-ին հայտնեց  «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հասկանալի է՝ երթևեկության կանոնակարգում պետք է լինի, սակայն այլ չափորոշիչներ պետք է ներդրվեն օրենքում: Մենք գտնում ենք, որ տուգանքները  50-70 տոկոսով պետք է նվազեցվեն, մենք պատրաստել էինք նման առաջարկ, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հիմա նախագիծը չենք դնում շրջանառության մեջ, կմասնակցենք քննարկումների, ինչից հետո նորից շրջանառության մեջ կդնենք»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ նախագծով նախատեսված է 50-70 տոկոսի չափով կրճատել տուգանքները, իսկ կարմիր գծերի ծառայության համար սահմանել կոնկրետ ժամեր, ինչպես Եվրոպայում:

Դիտարկվում է նաև հոծ գծի խախտման կարգավորումը, և ըստ նախագծում այս պահին առկա կանոնակարգման՝ հոծ գիծը խախտելու դեպքում վարորդը 3 անգամ զգուշացում է ստանում, իսկ չորրորդի դեպքում տուգանքը լինում է 2000 դրամ:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ՝ այդ խախտման համար նախատեսված է 5000 դրամ տուգանք:

Մնացած տուգանքների դեպքում նախատեսվում է կրճատել դրանց չափը՝ բացառությամբ 200 կմ/ժամից ավելի արագությունը գերազանցելու և ալկոհոլի օգտագործման դեպքերին: