90 արմավիրցիները, ըստ նախնական տեղեկությունների, թունավորվել են հավով սենդվիչից

09:56 • 18.05.18

Արմավիրում սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված  բոլոր անձինք հայտնել են, որ դեպքի օրը սննդի կետերից մեկում կերել են հավով սենդվիչ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնում է Արմավիր ԲԿ-ի  տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
 
Ավելի ուշ Սարգիս Խաչատրյանը հայտնեց, որ հիվանդանոցում մնացած 24 հիվանդները նորմալ վիճակում են:

«Բոլորը միջին և թեթև ծանրության հիվանդներ են, մի քանի հոգի՝ ծանր»,- ասաց տնօրենը:

Ըստ նրա՝ բոլոր հոսպիտալացվածների մոտ եղել է սրտխառնոց, փսխում, իսկ որոշների մոտ՝ նաև լուծ ախտանիշը:

Մեծամորի ԲԿ-ի տնօրեն Միքայել Վանյանը նույնպես հայտնեց, որ ընդհանուր համայցի արդյունքում գրեթե բոլոր հիվանդների մոտ  արձանագրվել է նորմալ վիճակ, գրեթե բոլորը ենթակա են առաջիկա ժամերին դուրս գրման՝ բացառությամբ 5 հոգու, որոնք դեռ բողոքներ ունեն:

Առայժմ վերջնական հետազոտության արդյունքները չկան, սակայն այս ԲԿ-ում ևս, ըստ նախնական տեղեկությունների, տոկսիկոինֆեկցիա է:

Նա ևս պատմեց, որ աշխատակիցների համար գործատուն պատվիրել է հավով և մայոնեզով սենդվիչ, սակայն մատակարար ֆիրմայի անունը  բժշկին հայտնի չէր:

Հիշեցնենք, որ  մայիսի 17-ին՝ ժամը 18:34-ին, Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից,որոնցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ 30-ը տեղափոխվել էին  Մեծամորի բժշկական կենտրոն և անցնում էին բուժզննում:

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Ժամը 12:00-ի դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28 հոգի: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Այսօր կլինեն դուրս գրումներ: