Կրթության նախարարը թիվ 189 դպրոցում անսպասելի մասնակցել է ծնողական ժողովի և դրամահավաքի դեպք է հայտնաբերել (տեսանյութ)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և մասնակցել ծնողական ժողովի:
«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր։
Հ.Գ. Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը»,-գրել է նախարարը:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարը այցելում դպրոց և մասնակցում ծնողական ժողովի: Ծնողները նախ հերքում են դրամահավաքի մասին լուրերը, ապա, տնօրենի գալուց հետո խոստովանում, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել:
Տեսանյութում ծնողները պնդում են, որ իրենք են նախաձեռնել և 15 հազար դրամ հավաքել են դահլիճի զարդարման, խնջույքի համար, ծնողներից մեկն էլ տեղից արձագանքում է, թե ասել են նաև տնօրենի համար պիտի գումար տան, տնօրենը հերքում է դա:
Ծնողներից մեկն էլ վստահեցնում է.«Գումարը ես եմ հավաքել, մի քանի ծնող տվել էր, առավոտյան վերադարձրել եմ բոլորին: Ցանկացել էի ծաղիկների համար գումար հավաքել, մեր դասարանի դասղեկն էլ մահացել էր, պիտի գերեզմաններ տանեինք և նաև ծաղիկներ էին պետք դահլիճը զարդարելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










