Այսօրվա իրականությունն արտացոլված չէ ԱԺ-ում, սա է կարևոր պատճառներից մեկը, որ գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

20:18 • 18.05.18

Հայաստանում, այո, ունենք լիարժեք իշխանափոխություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Մարդկանց գլխում իշխանափոխություն է եղել: Լիարժեք: Թե հիմա որ նախկին պաշտոնյան է դեռ գտնվում իր պաշտոնին, արդյոք պետք է գնա, մնա, ժամանակի և տեխնիկայի հարց է: Իշխանափոխությունը տեղի է ունեցել, ժողովուրդն առաջին անգամ ընտրել է իր ղեկավարին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, իսկ գործադիրում՝ «Ելք»-ը, արդյոք սա երկիշխանության դրսևորում չէ՞, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ոչ: Ազգային ժողովում տեխնիկական մեծամասնություն է: Մենք փաստացի տեսանք, որ Հայաստանի այսօրվա իրականությունն արտացոլված չէ ԱԺ-ում, և սա է կարևոր պատճառներից մեկը, որի դրդմամբ գնում ենք ԱԺ ընտրությունների: Ամեն ինչ անելու ենք, որ արտահերթ ընտրությունները մաքսիմալ արագ տեղի ունենան»:

Հարցին՝ կա՞ն պայմանավորվածություններ չտորպեդահարելու նախագծերը, որպեսզի մինչև արտահերթ ընտրություններ ԱԺ-ն բնականոն աշխատի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ որևէ պայմանավորվածության մասին: Բացի դրանից, ըստ նրա, իրենց պայմանավորվածությունները մաքսիմալ ձևով թափանցիկ են ձեռք բերվում:

Խոսելով կառավարության նոր կազմի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարելի նրանց գնահատելիս չափանիշ ընտրել երիտասարդությունը:

«Իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյան պարտադիր 40-անց պիտի լինի, մի քանի քաղաքական համակարգ անցած լինի, նախկին իշխանությունից մնացած պաշտոնյա լինի … Ամբողջ աշխարհը ղեկավարում ու փոխում են երիտասարդ քաղաքական գործիչները»,- վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ իրենք զոհողությունների են գնացել, ռիսկի են դրել իրենց առողջությունը և ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ուստի դեռ այդ ժամանակից գիտակցում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ձախողումը:

Նախորդ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ, ովքեր դեռևս պաշտոնավորում են, Ալեն Սիմոնյանի խոսքով, հանրությունն է որոշում՝ շարունակե՞ն պաշտոնավարել, թե՞ ոչ:

«Հրաժարականը թելադրում է քաղաքական օրակարգը: Մենք քննարկումներ չենք ունենում, որի օրակարգում է՝ ում հրաժարականը պահանջել»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում