Մեքսիկան Թրամփից պահանջել է ներգաղթյալներին «կենդանիներ» չանվանել. ԱՄՆ նախագահն ասել է, որ կշարունակի այդպես արտահայտվել
Մեքսիկայի կառավարությունը մայիսի 18-ին բողոք է հայտնել Միացյալ Նահանգներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված վիրավորական արտահայտության համար, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նախօրեին Թրամփը հանրապետականների հետ հանդիպման ժամանակ ապօրինի ներգաղթյալներին «կենդանիներ» էր անվանել:
Այս առնչությամբ Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է հղել Պետքարտուղարությանը:
«ԱՄՆ նախագահի պնդումները բացարձակապես անընդունելի են, քանի որ թշնամական մթնոլորտ են ստեղծում Միացյալ Նահանգներում գտնվող մեքսիկացիների համար»,- ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Մինչդեռ The Daily Mail-ը հավելում է, որ ինքը՝ Թրամփը, բացատրել է, որ ապօրինի ներգաղթյալներին «կենդանիներ» անվանելով՝ նկատի է ունեցել ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող MS-13 հանցախմբի անդամներին՝ Կենտրոնական Ամերիկայից եկած ներգաղթյալներին:
«Ես դա ասել եմ MS-13 հանցախմբի՝ մեր երկիր եկող անդամներին: Խոսքը MS-13-ի մասին էր: MS-13-ում իսկական կենդանիներ են: Եվ կապ չունի, թե դա MS-13-ի անդամ է, թե մեր երկիր մուտք գործող մեկ այլ հանցագործ, ես նրանց կենդանի եմ համարում: Ու գիտեք՝ կշարունակեմ այդպես արտահայտվել»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Թրամփը դռնփակ քննարկման ժամանակ ապօրինի ներգաղթյալներին «կենդանիներ» էր անվանել՝ հայտարարելով, որ նրանք «մարդ չեն»:
«Նրանք մարդ չեն, նրանք կենդանիներ են, որոնց մենք երկրից արտաքսում ենք աննախադեպ արագ տեմպերով»,-ասել էր նա:










