ՄԱԿ-ում հայտնել են՝ քանի պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում մարտի 30-ից ի վեր
Գազայի սահմանին մարտի 30-ից ի վեր իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 12 հազար պաղեստինցի է վիրավորվել, 87-ը՝ սպանվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մարտի 30-ին բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր իսրայելցի զինվորականների կողմից սպանվել է 87 պաղեստինցի, այդ թվում՝ 12 երեխա: Եվս 29 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, սպանվել է այլ հանգամանքներում: Ավելի քան 12 հազար մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից ավելի քան 3.500-ը վիրավորվել է մարտական զենքից»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Գազայի հատվածում իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ նիստի բացմանը:
Նա նշել է, որ դա պաղեստինյան բնակչության շրջանում զոհերի ամենամեծ թիվն է 2014 թվականին տարածաշրջանում բռնության սրացումից ի վեր:










