Հնագետները Պոմպեյում հինհռոմեական ախոռ և ձիու «մումիա» են հայտնաբերել

23:49 • 18.05.18

Պոմպեյ և Հերկուլանում կործանված քաղաքների տարածքներում իրականացված նոր պեղումները հնագետներին օգնել են գտնել հինհռոմեական ախոռների ավերակներն ու ձիու յուրատեսակ «մումիան», որը ողջ-ողջ թաղվել է Վեզում հրաբխից ժայթքած մոխրի տակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագիրը, ժամանակակից ձիերի համեմատ Պոմպեյի ձին համեմատաբար փոքր է եղել, որի հասակը կազմել է ընդամենը 1.5 մետր: Մյուս կողմից՝ կենդանին այն ժամանակվա համար բավականին լավն էր համարվում, ինչը խոսում է կայսրությունում ձիաբուծական զարգացած ավանդույթների մասին:

Պատմական փաստաթղթերում նկարագրվում է, որ Պոմպեյն ամբողջությամբ մոխրի տակ է հայտնվել 79 թվականի օգոստոսի 24-ին Վեզուվի ժայթքման հետևանքով:  

Մի քանի մետր հաստությամբ մոխրի շերտի տակ մնացած բազմաթիվ կառույցները ժամանակի հետ հայտնաբերվում են պեղումների արդյունքում:

Պոմպեյի հնագիտական այգու աշխատակիցները շարունակում են պեղումները «մեռած քաղաքի» տարածքում: