Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից
Ռուսական գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից, տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Սկրիպալը բավական լավ է զգում իրեն հիվանդանոցից դուրս գրվելու համար… Միջադեպի հետևանքով բոլոր տուժածների համար սա բարդ ժամանակահատված էր», - նշել է անգլիական Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի տնօրեն Կառա Չառլզ-Բարքսը:
Աղբյուրը չի մանրամասնել՝ որտեղ է գտնվում Սկրիպալը և արդյոք նա հետագայում բուժում կստանա:
«Բոլոր դուրս գրված հիվանդները գաղտնիություն պահպանելու իրավունք ունեն: Սա պարտավորեցնում է մեզ սահմանափակել նրանց բուժման մասին տեղեկություններ տրամադրելը: Սակայն բոլոր նրանց, ովքեր տուժել են նյարդապարալիտիկ նյութից, անհրաժեշտ է կայունացնել և պահպանել այն վիճակում, որում նրանց օրգանիզմներն ի վիճակի կլինեն էնզիմներ արտադրել՝ թունավորումից հետո վերականգնվելու համար», - նշել է աղբյուրը:
Հիվանդանոցի գլխավոր բուժքույր Լորնա Ուիլքինսոնի խոսքով՝ Սկրիպալը «կվերականգնվի հիվանդանոցի պատերից դուրս»:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վիճակի բարելավման մասին:










