Ամերիկացին վիճակախաղի տոմսով մոտ 2 մլն դոլար է շահել՝ իր ծննդյան «երկու օրերի» շնորհիվ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղի տոմսով մոտ 2 մլն դոլար է շահել՝ տոմսի մեջ նշելով իր փաստաթղթերում որպես ծննդյան օր գրանցված երկու ամսաթվերը: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է UPI պորտալը:
Տղամարդու խոսքով՝ ինքը ծնվել է ապրիլի 21-ին, իսկ նահանգի իշխանությունները սխալմամբ նշել են, որ նա ծնվել է ապրիլի 23-ին: 79-ամյա ամերիկացուն միայն վերջերս է հաջողվել ուղղել իր բոլոր փաստաթղթերում առկա սխալը:
Այնուամենայնիվ, նա հաջողակ է համարում երկու ամսաթվերը, ահա թե ինչու նշել է դրանք վիճակախաղի տոմսում:
«Վերցրի թերթը, անմիջապես գտա վիճակախաղի արդյունքներով բաժինը, և աչքերս դուրս թռան», - պատմել է նա:
Իմանալով, որ ինքը 1.9 միլիոն դոլար է շահել՝ տղամարդն անմիջապես զանգահարել է կնոջը, որը սկզբում մտածել է, թե ամուսինը կատակ է անում իր հետ:
Զույգը խոստովանել է, որ պլանավորում է քննարկել ֆինանսական խորհրդատուի հետ՝ որտեղ ներդնել գումարը և, հնարավոր է, մասամբ կծախսի այն պարտքերը մարելու և եկեղեցուն նվիրատվություն անելու համար:










