Աֆղանստանում մարզադաշտում տեղի ունեցած եռակի պայթյունի հետևանքով մահացել է 8 մարդ

13:38 • 19.05.18

Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում եռակի պայթյունի հետևանքով մահացել է 8 մարդ, ևս 45 քաղաքացի ստացել են վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Tolo News պարբերականը՝ հղում անելով Նանգահարի նահանգապետի ներկայացուցիչ Աթթաուլլահ Հոգյանիի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ պայթյունները որոտացել են քաղաքային մարզադաշտում՝ կրիկետի խաղի ժամանակ։

Մահացածների թվում են նաև խաղի կազմակերպիչն ու Մեհթարլամ քաղաքի փոխքաղաքապետը։

Աղբյուրը նշում է, որ «Թալիբան» խմբավորումը հերքում է իր առնչությունը տեղի ունեցածին։

Վերջին շրջանում սա արդեն երկրորդ պայթյունն է Ջելալաբադում․ մայիսի 13-ին մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում էր իրականացրել սահմանային անցակետի մոտ։