Վիրահատությունից հետո մահացել է ավտովթարի պատճառով վնասվածք ստացած մեկամյա երեխան. հարուցվել է քրգործ. Shamshyan.com

10:19 • 19.05.18

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է 2018թ.-ի փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա Աշոտ Վարդանյանի մահվան հանգամանքով։ Վերջինս մայիսի 11-ին հերթական անգամ վիրահատվելու նպատակով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, վիրահատությունից հետո մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել էին Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի և Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ ավելի ուշ փոքրիկը մահացել էր: