Կուբայում սուգ է հայտարարվել ի հիշատակ ավիավթարի զոհերի
Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել ի հիշատակ Հավանայի մոտակայքում Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի: Այդ մասին ասված է երկրի պետական խորհրդի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:
«Ուրբաթ տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ Պետական խորհուրդը սուգ է հայտարարում մայիսի 19-ի ժամը 06:00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 00:00-ն»,- նշվում է հայտարարությունում: Սուգի ընթացքում երկրի տարածքում իջեցվելու են պետական դրոշները:
Կուբայում ուրբաթ ուղևորատար օդանավ է կործանվել: Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը իրականացնում էր Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում 107 ուղևոր է գտնվել, նրանք բոլորը զոհվել են:
Ավիավթարի ականատեսները պատմել են, որ կործանված ինքնաթիռը փորձում էր վերադառնալ օդանավակայան և դիպել է էլեկտրահաղորդակցման լարերի:










