Երուսաղեմի կարգավիճակը «կարմիր գիծ» է իսլամական աշխարհի համար. Էրդողան

09:51 • 19.05.18

Երուսաղեմի կարգավիճակը «կարմիր գիծ» է իսլամական աշխարհի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք չափազանց կարևոր նիստ անցկացրինք պաղեստինցիներին աջակցության և Իսրայելին ազդանշանի տեսանկյունից: Մեր որոշման մեջ ընդգծվում է, որ Երուսաղեմը մեր «կարմիր գիծն» է: Մենք չենք ճանաչում ԱՄՆ-ի որոշումը՝ այնտեղ դեսպանատունը տեղափոխելու մասին, ամերիկյան քաղաքականությունն է՛լ ավելի է սադրում Իսրայելին»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել էր ցեղասպանություն և Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել ի հիշատակ զոհերի, ինչպես նաև խորհրդակցությունների համար հետ է կանչել ԱՄՆ-ում և Իսրայելում Թուրքիայի դեսպաններին: Թուրքիայի ԱԳՆ-ն, իր հերթին, առաջարկել է Իսրայելի դեսպանին լքել երկրի տարածքը:

Գազայի հատվածում բողոքի ակցիաները սկսվել են Իսրայելի ստեղծման 70-ամյակի և Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին: Իսրայելցի զինվորականները բողոքի մասնակիցների ուղղությամբ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 62 պաղեստինցի: