Գնդեվազցիները փակել են Ամուլսարի ճանապարհը՝ բողոքելով գյուղին` «Լիդիան ինթերնեյշնլի» հասցված վնասների դեմ
Գնդեվազցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով իրենց գյուղին «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ հասցրած վնասներից։ Այս մասին Tert.am –ին հայտնեց գնդեվազցի Հ.Գ-ն, որը նաև բողոքի ակցիան պատկերող տեսանյութ է ուղարկել խմբագրություն:
«Լիդիան կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից»,-ավելացրեց գնդեվազցին:
Նա նշեց, որ մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատար և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
«Հիմա սրանք այսպիսի պարզ բաները չեն կարողանում կառավարեն, բայց մեծ-մեծ խոսում են, թե ցիանիդն ու հանքի թթվային դրենաժը կառավարելու ենք։ Բա ո՞ր ցիանիդ տեղափոխող բեռնատարի հետ լինի նման բան, ի՞նչ հետևանքներ են լինելու։ Եթե թույլ տանք, ապա սրանք 1000-ավոր տոննա ցիանիդ և աղաթթու են բերելու բեռնատարներով՝ Հայաստանի հյուսիսից մինչև Ջերմուկ»-ահազանգում է գնդեվազցին:
Հիշեցնենք նաև, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը դեռևս անցած տարի «Գտեք բարեգործների կապը հանքակերների հետ» վերտառությամբ նյութ է պատրաստել, որում նշել է, որ «Լիդիան Արմենիան» (նախկինում Գեոթիմ) այն ընկերությունն է, որն աչք է դրել Ջերմուկի հարևանությամբ գտնվող Ամուլսարի վրա՝ նպատակ ունենալով քիմիական խիստ թունավոր եղանակով՝ ցիանիդային տարրալվացմամբ այս լեռից ոսկի կորզել։
Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, չունի հանքարդյունաբերական որևէ փորձ, բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲ ընկերությանը (Lydian International), որը գրանցված է Ջերսի օֆշորային գոտում (Նորմանդյան կղզիներ / Channel Islands)։










