Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ցուցադրեց ՀՀ վարչապետի առանձնատունը (տեսանյութ)

13:06 • 19.05.18

Ինչպես և խոստացել էր, այսօր՝ ուղիղ ժամը 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ցույց տվեց թիվ 1 կառավարական առանձնատունը, որտեղ տարիներ շարունակ ապրել և գործել են Հայաստանի ղեկավարները: Մինչև խոսելը ՀՀ վարչապետը հանրությանը ցույց տվեց առանձնատան նախասրահը, խոհանոցը, ճաշասենյակը, աշխատասենյակը՝ ասելով, որ այստեղ որևէ անձնական գույք չկա, ապա կատակեց. «Ձեր թույլտվությամբ ննջարանների ներսը ցույց չտամ»:

Հիշեցնենք, որ մինչ այդ թիվ 1 առանձնատանը բնակվել է ՀՀ 3 –րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր ընտանիքի հետ:

Ապա, Նիկոլ Փաշինյանը դստրիկների՝ Արփիի ու Շուշանի ուղեկցությամբ, տեսախցիկով դուրս եկավ այգի և ցույց տվեց վարդենիները, ծաղիկներն ու թփերը, ամառային լողավազանը, ժամանցի վայրը, որտեղ կային շախմատի, բիլիարդի ու թենիսի սեղաններ. դրանք ընդհանուր տարածքում էին, ոչ թե վարչապետի առանձնատան:

Հետո Փաշինյանն իր համար բավականին անսպասելի հայտնվեց մի շքեղ տարածքում ու մեկնաբանեց. «Որքան ինձ են բացատրել, սա ծովային աղերով ճոխություն է: Այստեղ աղ է ինչ-որ, յանտարե քարերով: Այսպիսի ճոխ սենյակ, որպեսզի մեր իշխանավորները  ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ «ռելաքսի» հնարավորություն ունենան»: Ապա, ինչ-որ բան միացնելով՝ Նիկոլ Փաշինյանը բացականչեց՝ վայ, էս ինչ միացրի:

«Ինչ-որ կոճակ սեղմեցի, և երաժշտություն միացավ, այստեղից ռոմանտիկ ծուխ է դուրս գալիս»,-կրկին կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելի ուշ հավելեց, որ  չգիտի՝ պետական, թե անձնական միջոցներով է կառուցվել ծովային աղով այս սենյակը ու չի ուզում մեկնաբանել,  բայց ասաց, որ սա այսօրվա էքսկուրսիայի գագաթնակետն էր:

«Շատերին հետաքրքրում է՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում եղել է, թե՞ ոչ. ես չեմ հանդիպել: Այն օրը տղաս՝ Աշոտը, Սերժ Սարգսյանին տեսել է, ինքս այս տարածքում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի չեմ տեսել»,-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարական առանձնատներում են այս պահին ապրում  են Սերժ Սարգսյանը,  ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ենթադրում եմ՝ Գագիկ Հարությունյանը ժամանակավոր, որովհետև որքան գիտեմ ԲԽ նախագահի  ներկայությունն այստեղ նախատեսված չէ»,-ավելացրեց նա:

Որպես վերջաբան Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գնալու է բժշկի ու ավելացրեց. «Եվ որևէ կասկած չունենաք՝ ամեն ինչ շատ լավ է լինելու: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիիկ  Հայաստանում»: