Այս գիշեր իրավապահները դատարանի շենքից ՔԿՀ-ներ են տեղափոխել ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին (տեսանյութ)
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից 10-ին այս գիշեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկներ: Նրանք մայիսի 11-ից դատարանում էին:
Մայիսի 11-ին ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի, Տիգրան Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին նրանց խափանման միջոց կալանքը փոխելու և նրանց ազատ արձակելու վերաբերյալ, որը մերժվեց: Դրանից հետո ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների աջակիցները փակել էին Արշակունյաց պողոտան՝ դատարանի հարող տարածքը, մեկ օր անց բացել էին պողոտան, սակայն շրջափակման մեջ էին պահում դատարանի շենքը:
Այսօր ցուցարար Միքայել Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գիշերն իրավապահները դատարանի շենքում մնացած ամբաստանյալներին դուրս բերում և տեղափոխում քրեակատարողական հիմնարկներ:
«Պարոն Փաշինյան, քնած ես, վաղն առավոտ շուտ պատասխան տվեք սրա համար, մենք փակել ենք փողոցը և սպասում ենք ձեր աջակցությանը»,-տեսանյութում ասել է ցուցարարը:










