«Աստծո ուղարկած լողորդ»․ НТВ-ի անդրադարձը՝ կյանքեր փրկած լեգենդար մարզիկ Շավարշ Կարապետյանի 65-ամյակին (լուսանկարներ, տեսանյութ)

13:58 • 19.05.18

Լեգենդար ԽՍՀՄ մարզիկ Շավարշ Կարապետյանն այսօր դառնում է 65 տարեկան։ Ինչպես ներկայացնում է ռուսական НТВ-ն, նրան անվանում էին «Աստծո ուղարկած լողորդ». 42 տարի առաջ, փրկելով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 28 ուղևորի, նա իրագործեց իր կյանքի, թերևս, մեծագույն և ամենագնահատելի սխրանքը։

Հայ տիտղոսակիր լողորդ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը սպորտով զբաղվել է դեռ մանկուց։ Նա իր հաղթանակների շարքը սկսել է նախ Հայաստանի չեմպիոն դառնալով, իսկ հետո նվաճել հնարավոր բոլոր համաշխարհային մրցանակներն այդ ոլորտում։

Картинки по запросу Шаварш Карапетян

1976թ. սեպտեմբերի 16-ին 23-ամյա մարզիկը սովորականի պես մարզվում էր՝ վազելով Երևանյան լճի կողքով: Հենց այդ պահին ջուրն է ընկնում 15 համարի տրոլեյբուսը՝ արագորեն խորասուզվելով ջրի մեջ ու 92 ուղևորներին գցելով ջրի «թակարդը»:

Շավարշն առանց 1 վայրկյան անգամ վարանելու իր եղբոր՝ Կամոյի հետ նետվել է ջուրը՝ ցանկանալով փրկել մարդկանց:

Картинки по запросу Шаварш Карапетян

Խոսելով իր կողմից փրկվածների մասին՝ Շավարշ Կարապետյանն ասել է. «Հերթական անգամ խորասուզվելուց հետո ես ջրից դուրս հանեցի տրոլեյբուսի նստատեղի բարձը: Փաստորեն, այնքան հյուծված ու հոգնած եմ եղել, որ չեմ էլ զգացել, որ դա մարդ չէ: Հետո ես դեռ շատ երկար էի երազումս այդ բարձը տեսնում. չէ՞ որ կարող էի դրա փոխարեն ևս մի մարդկային կյանք փրկել»:

Լողորդի սխրանքի մասին հայտնի է դարձել միայն 6 տարի անց: Նրա գործած հերոսությունը չի լուսաբանվել, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե տրոլեյբուսի ուղևորները փրկվել են «փրկարարների իրագործած բարդագույն աշխատանքի շնորհիվ»:


Ինչպես նշում է НТВ-ն, այսօր Շավարշ Կարապետյանն ապրում է Մոսկվայում, նա ունի 3 երեխա և 2 թոռ։  Այսքան փորձություններից հետո նա իր համար մի պարզ ճշմարտություն ունի՝ պետք է ապրել՝ սիրելով ընտանիքը, կնոջը, հայրենիքը։