Թբիլիսիում օտարերկրացի զբոսաշրջիկների անվտանգությունը կապահովեն հատուկ պարեկային ջոկատները
Թբիլիսիում օտարերկրյա հյուրերի անվտանգությունը և զբոսաշրջային վայրերում հասարակական կարգն ապահովելու են պարեկային ոստիկանության հատուկ հատկացված ջոկատները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն օր աճում է, դա մեծ օգուտ է տնտեսությանը, բայց, միևնույն ժամանակ, մեծ մարտահրավեր է՝ ուղղված իրավապահ համակարգին: Մենք Թբիլիսիում առանձին վայրեր և երթուղիներ ենք առանձնացրել: Երկուշաբթի օրվանից 20 անձնակազմ կսկսի պարեկային ծառայություն իրականացնել զբոսաշրջային գոտիներում»,- ասել է Գախարիան խորհրդարանում:
Նրա խոսքով՝ ամեն ամիս պարեկություն իրականացնող ոստիկանների թիվը կաճի: Նախատեսվում է հասնել 60 ջոկատի, որոնք վերահսկողության տակ կպահեն իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքի զբոսաշրջային վայրերում:










