Վաշինգտոնին չի կարելի վստահել. իրանցի պաշտոնյա

14:06 • 19.05.18

Իրանի միջուկային էներգետիկայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն:

«Ամերիկացիների գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը միջազգային գործարքներում վստահության արժանի չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն խոստացել է օգնել գործարքը պահպանելու հարցում՝ չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:

«Հուսով եմ՝ նրանց ջանքերը հաջողությամբ կպսակվեն»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա Թեհրանին մեղադրել է համաձայնագրում առկա սողանցքներից օգտվելու ու միջուկային և հրթիռային ծրագրերը գաղտնի զարգացնելու համար: Բացի այդ, Թրամփը կարգադրել է անհապաղ աշխատանքներ սկսել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:

Հայտնի է, որ «միջնորդ վեցյակի» մյուս երկրները քննադատել են Թրամփի քայլը՝ մատնանշելով վտանգավոր հետևանքները: Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, միշտ էլ կատարել է իր պարտավորությունները: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած որոշման: