Ռուսական կողմի համար բավական զարմանալի է հետևել հանրության հիացմունքին՝ նոր նախարարների` մետրոյով երթևեկելու հետ կապված. Գրիգորի Տրոֆիմչուկ
Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնական Մոսկվան իր համար պարզ ձևով է ընդունել: Ռուսաստանը որոշ չափով հավատացել է նրան, որ վարչապետի փոփոխությունը «տեղական կլանների» վերադասավորում է, և որ հայ-ռուսական հարաբերությունների վրա սա որևէ կերպ չի ազդի:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Վերջինս նշեց, որ պատմությունը ցույց է տալիս, որ Մոսկվան հաճախ է հավատում խոսքերին և դրա համար խաբվում է:
«Միամտությունը ռուսական քաղաքական մենթալիտետի մասն է: Այնինչ, քաղաքականության մեջ պետք է հավատալ միայն ու միայն գործին, որը տվյալ պարագայում ունի հետևյալ տեսքը. առնվազն տարօրինակ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան արագ փոխեց տարիների իր դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի նկատմամբ: Հասկանալի չէ, թե երբ է իր դիրքորոշումն անկեղծ եղել»,- նշեց Տրոֆիմչուկը:
Վերջինս ասաց, որ Ռուսաստանի քաղաքագետները ուշադրություն են դարձրել նաև Ն. Փաշինյանի ձևավորած կառավարության կազմին: «Կարելի է ասել, որ ներկայացված են մարդիկ, ովքեր մինչ այս էլ ռուսական կողմի մոտ մի շարք հարցեր են առաջացրել»,- նշեց քաղաքագետը:
Նա ասաց, որ ռուսական կողմի համար ներկայումս կատարվող մի շարք փոփոխություններ առնվազն տարօրինակ են, անհասկանալի:
«Պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում զինկոմիսարիատների օպտիմալացումը: Դա, իհարկե, բացառապես Հայաստանի ներքին գործն է, բայց պարզ չէ, թե ինչու հենց ռազմական կառույցներն առաջին հերթին ենթարկվեցին կրճատման: Ռուսաստանը սովոր է ոչ միայն հավատալ խոսքերին, այլև զբաղվել ինքնախաբեությամբ՝ հույս ունենալով, որ ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի: Նիկոլ Փաշինյանը շատ շուտով ստիպված է լինելու հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ իր գործունեության արդյունքների մասին, իսկ հասարակությունն իր հերթին եզրակացություններ կանի:
Ռուսական կողմի համար բավական զարմանալի է հետևել հանրության հիացմունքին՝ նոր նախարարների՝ մետրոյով երթևեկելու հետ կապված: Ռուսաստանում էլ «վերակառուցման» տարիների վերջին Ելցինը տրամվայով էր երթևեկում կամ ոտքով քայլում, գնում պոլիկլինիկա կամ հանրային այլ վայրեր: Բայց 1993 թ.-ի աշնանն արդեն ամեն ինչ արագ փոխվեց, ու մարդիկ պատրաստ էին իրենց ժողովրդական «կումիրին» զենքը ձեռքներին դիմակայել: Աքսիոմը չի ենթադրում ապացույցներ, սա եղել է»,- շեշտեց Գրիգորի Տրոֆիմչուկը:










