Վենեսուելայում մեկնարկում են արտահերթ նախագահական ընտրությունները

19:50 • 20.05.18

Վենեսուելայում կիրակի արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում: Բնակիչները պետք է ընտրեն երկրի նոր ղեկավարին, որի լիազորությունների ժամկետը կազմում է վեց տարի:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու, այդ թվում և գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը երկրորդ ժամկետով նախագահությանն է հավակնում:

Նրա գլխավոր մրցակիցը «Առաջադեմ ավանգարդ» ոչ մեծ ընդդիմադիր ուժ հանդիսացող կուսակցության ներկայացուցիչ Էնրի Ֆալկոնն է: Մինչդեռ խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք վերահսկիչ դեր են կատարում Վենեսուելայի խորհրդարանում, ընտրություններին չեն մասնակցելու:

Վենեսուելայում նախագահական ընտրություններին կարող է քվեարկել 20.3 մլն քաղաքացի, ևս 107 000 վենեսուելացի կքվեարկեն արտասահմանում:

Նախագահական ընտրությունները հարավամերիկյան երկրում անցկացվում են խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ընտրություններ անցկացնելու որոշմանը զանգվածային ցույցեր են նախորդել: