Եթե այժմ ընտրություններ անցկացվեն, ԱԺ-ում ՀՀԿ-ը և «Ելքը» տեղերի քանակով կփոխվեն. սոցիոլոգ (տեսանյութ)

20:38 • 22.05.18

Եթե ներկայիս քաղաքական իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ԱԺ-ում ՀՀԿ-ն և «Ելքը» տեղերի քանակով կփոխվեն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

«Այս պարագայում որևիցե նորմալ հարցում հնարավոր չէ անցկացնել, քանի որ էյֆորիան շատ է, ոչ մի օբյեկտիվ տվյալ այս պահին չի ստացվի: Ներկայիս գնահատականները չի կարելի հիմք համարել, ուղղակի եթե այս պահին իրականացնենք ընտրություններ, կունենանք մոտավորապես նույն պատկերը, որը հիմա տոկոսային առումով ունենք ԱԺ-ում, բայց «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա այնքան ձայն, ինչքան Հանրապետականը, և Հանրապետականը՝ հակառակը»,- նշեց սոցիոլոգը:

Եթե այժմ անցկացվեն ընտրությունները, սոցիոլոգը վստահ է, որ Հանրապետականը 7-12 տոկոս ձայն կհավաքի, որովհետև նա, միևնույն է, ունի գաղափարապես իր օգտին քվեարկող ընտրազանգված:

Կարեն Սարգսյանի խոսքով՝ այն, որ Դաշնակցությունը կմնա ԱԺ-ում, դա կասկածից վեր է, ինչպես նաև նոր ուժեր անպայման ներկայացված կլինեն խորհրդարանում:

«Շատ հնարավոր է, որ այդ ուժերը կարողանան ինչ-որ ձայներ պոկել ԲՀԿ-ից: «Ելքը» նորից դաշինքով ընտրությունների գնալու դեպքում, նույնպես կարող է «Ծառուկյան» դաշինքից մի փոքր ձայն տանել:

«Ծառուկյան» դաշինքն ինքն իրենով ունի իր գաղափարախոսությունը և իրենց ընտրազանգվածի մեծ մասը քվեարկում է հենց գաղափարին՝ հասարակ ժողովրդին ինչ-որ ձևով հույս տվող, ժողովրդի անունից խոսացող: «Ելք» դաշինքը չի կարող այլևս այդպես խոսել, որովհետև փաստացի իշխանություն է լինելու: Միջնակարգ կրթություն ունեցողների, քաղաքներից դուրս ապրողների շրջանում ԲՀԿ-ն, միևնույնն է, ավելի շատ ձայն կհավաքի քան «Ելքը»: Այսինքն` ԲՀԿ-ի ձայները կրկին 30 տոկոսին մոտ թիվ է լինելու»,- ասաց սոցիոլոգը:

Նրա կարծիքով՝ ԱԺ ընտրությունները մոտ ժամանակներում և 6 ամիս անց անցկացնելու պարագայում կարող է փոփոխություններ լինել քաղաքական ուժերի ձայներում: Մասնավորապես, ըստ նրա՝ 6 ամսից ավելի ուշ ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» ձայները կարող են նվազել:

«Պատճառը կարող է սկսած ֆորսմաժորներից լինել: Օրինակ՝ եղանակը ձմռանն այնպիսին էր, որ ջրի պաշարը չհերիքի, բավարար չափով չմատակարարվի գյուղտնտեսություններին: Որպես արդյունք սա կբերի երաշտի, եկամուտների նվազման և ճիշտ PR ծրագրի դեպքում, իսկ ՀՀԿ-ն ունի այդ հնարավորությունը, գյուղական համայնքներում բավականին մեծ դժգոհություն կարող է առաջացնել: Հսկայական ծավալի բաներ կարող են լինել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: