ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Հեղինակավոր Bloomberg հանդեսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ներկայացնելով «ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդված:
Հեղինակ Զև Չաֆեթսն իր անդրադարձը սկսում է Գազայի հատվածում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան արյունալի բախումների ֆոնին Թուրքիայի՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացման վերաբերյալ լուրով:
«Նախորդ շաբաթ Թուրքիան ԱՄՆ-ից ու Իսրայելից հետ կանչեց իր դեսպաններին: Դա արվեց Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից 60 պաղեստինցու սպանությանն ի պատասխան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսրայելական կողմի գործողություններն անվանեց «ցեղասպանություն», ինչից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն իր թվիթերյան էջում հայտարարեց, որ «Էրդողանն այն մարդը չէ, ով պետք է իրենց գլխին քարոզ կարդա»,-սկսում է հոդվածագիրը՝ նկատելով, որ հարձակողական դիրքորոշումը չսպասված հնարավորության պատուհան բացեց թե՛ Վաշինգտոնի և թե՛ Երուսաղեմի համար՝ վերջ տալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տասնամյակների մերժողականությանը:
Չաֆեթսը գրում է, որ Հայոց ցեղասպանությունն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված պատմական փաստ է:
«Թուրքիայի համար Ցեղասպանության ժխտումը քաղաքական գիծ է դարձել»,-գրում է հոդվածագիրը:
Չաֆեթսը նշում է, որ ամեն անգամ, երբ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը զարկ է տալիս հռետորաբանությանն ու ինչ-ինչ մութ էջեր հիշեցնում տվյալ երկրի պատմությունից:
«Երբ 2016թ.-ին Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը կրկին բարկացավ. «Միայն նայեք ձեր պատմությանը: Դուք հպարտանում եք, որ մարդկանց ողջ-ողջ այրել եք վառարաններում»: Եվ չնայած սրան՝ արդեն 30 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-շարունակում է հոդվածագիրը՝ նկատելով, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները դրանց շարքին չեն դասվում:
Հոդվածագրի խոսքով՝ չնայած, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը ջանք չի խնայում պատմական իրողության ճանաչմանը հասնելու համար, այնուհանդերձ՝ այս տարի ևս նախագահ Դոնալդ Թրամփն իր ապրիլքսանչորսյան ուղերձում հրաժարվեց «Թուրքիա» և «ցեղասպանություն» բառերի կիրառումից:
«Դրանից մեկ ամիս անց Էրդողանը Թրամփին պատասխանեց ստորությամբ՝ նրան անվանելով Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ ցեղասպանության իրականացման հանցակից: Ստեղծված իրավիճակում Թրամփի կողմից լավագույն պատասխանը կլիներ վճռականություն դսրևորել ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրում է Չաֆեթսը:
Նա նշում է, որ հրեական կողմն ավելի ակտիվ է գտնվել Էրդողանին հակադարձելու հարցում. Քնեսեթի երկու անդամ՝ իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ Ամիր Օհանան ու ընդդիմադիր Իցիկ Շմուլին, ներկայացրել են Հայոց ցեղապսանության ճանաչմանն ուղղված օրինագիծ, որն ընդունվելու դեպքում պետք է վերջ տա Հայկական հարցի շուրջ Իսրայելի լռությանը:
Ի դեպ, Իսրայելի լռության մասով հեղինակը նշում է, որ ժամանակին դա արդարացված էր, քանի որ Թուրքիան աշխարհիկ երկիր էր, արևմտամետ ու թշնամական արաբական աշխարհում Իսրայելի ռազմավարական դաշնակիցն էր:
«Բայց այժմ, այդ սցենարն այլևս չի գործում, Էրդողանը՝ ծագող խալիֆը, հիմա արդեն թշնամի է, ուստի՝ Իսրայելը կարող է իր մասին հոգ տանել»,-գրում է հեղինակը:
Վերադառնալով Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչմանը՝ Չաֆեթսը նշում է, որ իշխող կոալիցիայում կա առնվազն 5 նախարար, որոնք կողմ են օրինագծի ընդունմանն ու Թուրքիային, այդպիսով, պատժելուն: Նույն դիրքորոշումն ունեն Քնեսեթի խոսնակն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները:
«Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է նման միջկուսակցական ոգևորություն եղել»,-նկատում է Չաֆեթսը՝ ընդգծելով, որ առանց Նեթանյահուի համաձայնության՝ ոչինչ տեղի ունենալ չի կարող:
«Նեթանյահուն ռազմավարական մտածողություն ունի: Նա Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն դեպքում, երբ գտնի, որ դա բխում է իր շահերից: Համենայն դեպս, այս հարցում և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի համար ազգային շահերն ու բարոյական պարտավորությունը կատարելապես համընկնում են. մոլեռանդների դեմ պատերազմում ճշմարտությունը հզոր զենք է»,-եզրափակում է հեղինակը:










