Արցախի հետ անմիջական բանակցությունների դեպքում Ադրբեջանը փոխզիջումների գնալու հնարավորություն չի ունենա. Աջար Կուրտով

23:46 • 22.05.18

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում երկարատև որոշման հասնելու համար անհրաժեշտ է անմիջական բանակցություններ սկսել Ադրբեջանի և Արցախի միջև:

Ռուս քաղաքագետ Աջար Կուրտովը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին բավականին հասկանալի է և համահունչ է միջազգային իրավունքին, սակայն ադրբեջանական կողմը դժվար թե դիտարկի նման ձևաչափ:

«Ադրբեջանին դա ձեռնտու չէ, քանի որ ստիպված կլինի ընդունել իր սխալը շատ-շատ գործողություններում: Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ զիջումների կգնա այդ գործընթացում», - քաղաքագետն ասել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:

Կուրտովի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները հիմնականում մտավախություն ունեն, որ ղարաբաղյան պատվիրակության հետ բանակցություններում իրենց չի հաջողվի դիվանագիտական խորամանկությամբ առաջ տանել իրենց որոշումները: Քաղաքագետի խոսքով՝ Ստեփանակերտի հետ անմիջական բանակցությունների դեպքում Բաքվի՝ փոխզիջումային որոշման գալու հնարավորությունները կկրճատվեն: