Պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու, այնուհետև քննարկումներ կլինեն. Տիգրան Մուկուչյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին

20:28 • 22.05.18

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետ ներկայացնելը, քանի դեռ ամբողջական նախագիծ ներկայացված չէ:

«Հիմա շատ աշխատանքային տարբերակ է, ինչ-որ բան ասելն անհասկանալի կլինի: Ես չգիտեմ՝ վերջնական ինչ լուծում է լինելու, ինչ է ամրագրվելու: Նախագծին ծանոթանանք, այդ ժամանակ արդեն քննարկումներ կլինեն: Պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու և ինչ ինստիտուտների կվերաբերեն»,-Tert.am-ի հետ զրույցում շեշտեց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները պնդում են, որ առաջին հերթին պետք է վերացնել տարածքային՝ ռեյտինգային ցուցակներով ընտրակարգը:

Անդրադառնալով ԿԸՀ կազմի հնարավոր փոփոխությանը և իր հնարավոր հրաժարականին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ես ձեռնպահ կմնամ ապագային միտված եզրահանգումներ անելուց: Երբ ներկայացվի հրաժարականի պահանջ, բարձրաձայն կհրապարակվի»:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք նախաձեռնելու խնդիրը քաղաքական ուժերինն է:

«Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանը, ապա արտահերթի համար սահմանված է 30-45-օրյա ժամկետ, ինչը խիստ կարճ ժամկետ է, այդ ծավալի աշխատանքի համար ահռելի ծանրաբեռնվածություն է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունման ժամկետներին, ասել էր, որ դրա շուրջ ակտիվ քննարկումները մեկնարկել են, նախատեսում են մինչև հունիսի վերջ նախագիծ ներկայացնել: