ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ոգևորություն է հայտնել Հայաստանում խաղաղ և սահմանադրական իշխանափոխության առնչությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանին ուղղված նամակում հայտնել է իր ոգևորությունը Հայաստանի խաղաղ, սահմանադրական իշխանափոխության առնչությամբ:
Ինչպես փոխանցում է Asbarez գործակալությունը, Պոմպեոն վերահաստատել է Ամերիկայի բարեկամությունը Հայաստանի ժողովրդի հետ՝ խոստանալով աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ համընդհանուր շահերի առաջընթացն ապահովելու համար:
«Ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի ոգևորությունը Հայաստանի խաղաղ, սահմանադրական իշխանափոխության առթիվ և անհամբերությամբ սպասում նրա և նրա թիմի հետ աշխատելուն՝ երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար»,- ասել է Ռաֆֆի Համբարյանը:
ԱՄՆ պետքարտուղարն այս նամակը հղել է որպես պատասխան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչին՝ ուղղված պետքարտուղարին՝ որպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի խորհրդի նախագահին՝ աջակցելու Հայաստանի հանրակրթական դպրոցներին 140 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրելուն, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ինժեներության, արվեստի և մաթեմատիկայի ոլորտների զարգացմանը:
«Մենք գնահատում ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ձեր գաղափարը՝ ուղղված Հայաստանում կրթության զարգացմանը: Հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշների առումով, որպեսզի տնօրենների խորհուրդը կարողանա Հայաստանը դիտարկել ամենամյա ընտրական գործընթացում», - ասել է պետքարտուղար Պոմպեոն:










