ԱՄՆ-ում հեծանվորդը, չսպասելով սակրավորներին, ինքնուրույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ոստիկանները բռնել են հեծանվորդին, որը, չսպասելով սակրավորներին, ինքնուրույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը: Միջադեպին անդրադարձել է WTMj-TV ալիքը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը հեծանվով մտնում տարածք, բացում ուսապարկը, հանում ներսում գտնվող իրերը, այնուհետև զարմացած ժեստ անում ու, ենթադրաբար, պատրաստվում շարունակել իր ուղին: Այդ պահին երեք մարդ անսպասելիորեն բռնում է նրան:
Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները և սակրավորները քննարկում էին իրենց հետագա գործողությունները, երբ հայտնվել է հեծանվորդը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայուսակն «ականազերծած» տղամարդը ձերբակալվել է: Անհայտ է՝ ինչ մեղադրանքներ են նրան ներկայացվել:
Համացանցի մի շարք օգտատերեր հերոս են անվանել հեծանվորդին և մեղադրել ոստիկանությանը սխալ արձագանքելու համար:















