Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն. Երևանի ոստիկանապետը դիմել էր դատարանին՝ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներին դատարան չտանելու համար

14:11 • 23.05.18

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին ամբաստանյալներն ու վեց  պաշտպաններ բացակա էին: Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ նիստին ներկա են պաշտպաններ Արա Ղարագյոզյանը, Հրանտ Գևորգյանը, Արմինե Ֆանյանը, Լիանա Գրիգորյանը, Հարություն Բաղդասարյանը, մեղադրանքի կողմ հանդիսացող Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը, իսկ պաշտպաններ Գևորգ Գյուրջյանն ու Մուշեղ Շուշանյանն առանց որևէ տեղեկություն տրամադրելու լքել են նիստերի դահլիճը:

Նիստի մեկնարկին նախագահող Մակյանն ասաց, որ Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանից գրություն է ստացվել, որ  հայտնելով, որ 2018 մայիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում կայացած նիստից հետո  «Սասնա ծռեր» խմբավորման համախոհները շրջափակել են բոլոր մուտքերը թույլ չտալով ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ, և միայն սույն թվականի մայիսի 19-ին ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել  իրականացնել ամբաստանյալների տեղափոխումը:

«Նմանատիպ գործողություններ «Սասնա ծռերի» աջակիցների կողմից իրականացվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որտեղ մուտքերի արգելափակմամբ խոչընդոտվում է դատախազության աշխատակիցների մուտքն ու ելքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ոստիկանությունը մտահոգություն ունի, որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի «Գ» ենթակետով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում, որի ընթացքում ոստիկանության մասին օրենքով ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետևանքների, ուստի միջնորդում եմ քննարկել սույն գործով «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անձանց առաջիկա նիստերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր չուղեկցելու հարցը»,-գրությունը ներկայացրեց դատավորը:
 
Պետրոս Մակյանը հայտնեց, որ բնականաբար դատարանն այս գրությունը որպես միջնորդություն չի կարող դիտարկել, որովհետև ոստիկանությունից սույն դեպքում քրեական գործով դատավարության կողմ չի հանդիսանում, ուղղակի կողմերը կարծիք կարող են հայտնել:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ գտնում է , որ դատարանը պետք է պարտավորեցնի ոստիկանությանը, որպեսզի ամբաստանյալները բերվեն դատարան, ինչին համամիտ էր նաև Մանուկյանի մյուս պաշտպան Հրանտ Գևորգյանը: Նա նաև միջնորդեց հետաձգել նիստը, նկատի ունենալով, որ իրենց պաշտպանյալները բացակա են: Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ ասաց, որ ոստիկանների նման գրությունն անօրինական է:

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի խոսքով՝  ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին օրենքով սահմանված կարգով պարտադիր պայման է դատական նիստը կայանալու համար, բացառությամբ դատական սանկցիայի ենթարկվելու դեպքերում, հետևաբար չի կարող անգամ քննարկվել դատական նիստն առանց ամբաստանյալների անցկացնելու հարցը: Նա ևս միջնորդեց հետաձգել դատական նիստը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ դեռևս սույն դատական քննության նախապատրաստման փուլում դատարանը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը սույն դատական գործի բնական ընթացքը, հասարակական կարգը ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու համար:

«Այս համատեքստում ավելորդ եմ համարում եմ այս գրությունը դատարան ուղարկելը, դա ոստիկանության պարտականությունն է: Ինչ վերաբերում է նիստին, ապա նախորդ նիստի ժամանակ դատարանը կիրառել է սանկցիաներ ամբաստանյալների նկատմամբ, հետևաբար նրանց մասնակցություն այսօրվա նիստին պարտադիր չէ և ոստիկանության չուղեկցելը որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել: Ուստի այն միջնորդությունը, թե այսօրվա նիստը պետք է հետաձգվի, չի բխում Քրեական դատավարության օրենսգրքից»,-ասաց Պետրոս Պետրոսյանը:

Փաստաբաններ Հրանտ Գևորգյանը, Հարություն Բաղդասարյանն ու Արա Ղարագյոզյանը լքեցին նիստերի դահլիճը, ինչի համար ենթարկվեցին դատական սանկցիայի:

Նշենք, որ դատարանը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին հանրային պաշտպաններ տրամադրելու համար, և հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է հանրային պաշտպանների վերաբերյալ նրա կարծիքը լսելու համար:

Նա միջնորդեց վերանայել ամբաստանյալների նկատմամբ կիրառված սանկցիան և նրանց վերադարձնել դատական նիստերի դահլիճ:

Մեղադրող Պետրոսյանն առարկեց միջնորդությանը,ասելով, որ միջնորդության վերանայման համար որևէ հիմք չի ներկայացվել:

Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ նախորդ նիստի երկու ամբաստանյալի նկատմամբ դատարանը նույնիսկ խնդրանքով է հանդես եկել, որ մնան դահլիճում. «Այս պահին միջնորդությունը վերանայելու հիմքերը բացակայում են»,-ասաց դատարանը:

Ինչ վերաբերում է Մխիթար Ավետիսյանի պաշտպանությունն իրականացնելու վերաբերյալ հանրային պաշտպաններ ներգրավելուն, դատավոր  Մակյանն ասաց, որ, նման պայմաններում  հաշվի առնելով, որ որոշում է կայացվել հանրային պաշտպան ներգրավելու մասին, բայց նրանք դեռևս ներգրված չեն որպես Մխիթար Ավետիսյանի պաշտպաններ,   այս պատճառաբանությամբ հետաձգվում է գործի քննությունը, երեք պաշտպաններին կտրվի գրություն  ՔԿՀ այցելելու և Մխիթար Ավետիսյանի դիրքորոշումը ճշտելու համար: Դատական նիստը հետաձգվեց: