Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

13:14 • 23.05.18

15:10


Որևէ արդյունաբերական, հանքային պրոբլեմ, որը ազդելու է մեր ջրային բազայի վրա՝ սկսած Սևանա լճից, մինչև մեր մյուս բոլոր լճերը, մենք պետք է շատ ուշադիր լինենք: Այս մասին նախագահական նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:


«Ես ինչ-որ իմաստով պետք է վստահ լինեմ, որ կանաչ նախագահ եմ: Այսինքն՝ իմ լիազորությունների սահմանում, անկախ նրանից՝ դա Ամուլսարն է, թե մյուս հանքերը, անպայման մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն և բոլոր որոշումները պետք է լինեն՝ ելնելով իրական փաստերից, գիտական կարծիքներից, ազգային պետական շահից և բնապահպանական շահից, որովհետև դա ամենամեծ արժեքներից մեկն է: Մենք չենք կարող աղտոտված երկիր թողնել մեր երեխաներին»,- նշեց նախագահը:


Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապին, Արմեն Սարգսյանը հայտնեց. «Ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ մեկ դոլարի շահ չունի կամ չի ունեցել Ամուլսարի հանքից: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ անկախ տնօրեն ընդամենը մի քանի ամիս, որն ունեցել է մի քանի նպատակ: Դա 5 տարի առաջ է եղել, ես եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, հետո հրաժարվել եմ այդ պաշտոնից և դրանից հետո «Լիդիանի» հետ որևէ կապ չեմ ունեցել»:


Նախագահը ևս մեկ հայտարարեց, որ իր համար չկա որևէ գերակա շահ, որն իրեն կհամոզի հաջողության հասնել՝ երկիրը ոչնչացնելով:


Նախագահը նաև պատրաստակամություն հայտնեց ցուցարարների խմբի հետ հանդիպել արդեն նախագահի նստավայրում և քննարկել Ամուլսարի հանքի և բնապահպանական այլ հարցեր:


Հանդիպման վերջում ցուցարարները նախագահին առաջարկեցին միասին ազգագրական պար պարել, ինչը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց:




14։23

Նախագահը հավելեց, որ երրորդ խնդիրը բնապահպանությունն է։ «Եթե միայն Ամուլսարը լիներ, ես կգայի, կասեի՝ եկեք բոլորով միասին այդ հարցը լուծենք, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են և ուսումնասիրության ենթակա են»,-ավելացրեց Արմեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ ամենամեծ խնդիրը ջուրն է, որը նաև մեր հարստությունն է:

14:20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ցուցարարները դիմավորեցին ծափահարություններով: Արմեն Սարգսյանը տղամարդկանց բարևեց ձեռքսեղմամբ: 

Ցուցարարները բացատրեցին, որ ապացույցները՝ տեսանյութեր, գիտական հոդվածեր և այլն, կցված են բաց նամակում և հույս հայտնեցին, որ արձագանքը երկար սպասել չի տա: 

Արմեն Սարգսյանն էլ, խոստանալով, իր մի շարք նկատառումները հայտնեց՝ առանձնացնելով երկրի համար 3 կարևորագույն հարց: 

«Ինձ համար՝ և՛ որպես քաղաքացու, և՛ որպես նախագահ 3 կարևորագույն խնդիր կա: Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Եվ կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ անվտանգությունը լայն իմաստով ոչ միայն բանակ է, ռազմարդյունաբերական կոմպլեքս, այլ նաև արտաքին հարաբերություններ: Երկրորդը՝ կրթությունն է, որովհետև մեր երկրի ապագան, ամեն ինչ կախված է լինելու քաղաքացիների մակարդակից, և ոչ միայն գիտական կրթության իմաստով, որ ստանում են դպրոցում, համալսարանում, այլև քաղաքացիականը, որ ստանում են փողոցում: Բայց ես հույս ունեմ, որ սա էմոցիոնալ պոռթկում չէր, և քաղաքացի լինելը միայն փողոցում արտահայտելը չէ, այլ այն, որ այդ կարծիքը պահես ողջ կյանքում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

14։11

Այս պահին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության  ակցիայի մասնակիցների հետ։

13:40

Ակցիայի մասնակիցները պահանջում են կամ ընդհանրապես դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, կամ որոշ ժամանակահատվածով կասեցնել, որպեսզի հնարավոր լինի նոր ուսումնասիրություններ իրականացնել:

«Ցանկալի է, որ ընդհանրապես կասեցվի, որովհետև դա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, իսկ պետությունը պարտավոր է նման գործունեության դեմն առնել: Կամ գոնե ժամանակավորապես կասեցվի, օրենսդրական դաշտը հստակեցվի և նոր օրենսդրական դաշտի պարագայում նոր հետազոտություններ իրականացվեն: Եթե հետազոտությունը ցույց տա, որ վնասներն անդառնալի չեն լինի և կվերահսկվեն հնարավոր բոլոր ձևերով, արդեն այդ ժամանակ կերևա»,- ասաց ցուցարարներից մեկը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ կախված նամակի պատասխանից՝ հայտնի կդառնան իրենց հետագա գործողությունները:

Մինչ երթի մեկնարկը ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենք փողոց չեն փակելու, քայլերթն ընթանալու է մայթերով:

«Մենք ենք տերը մեր երկրի. Ամուլսարն առանց հանքի» վանկարկումով մեկնարկեց երթը դեպի նախագահի նստավայր:


13:14

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության գլխավորությամբ Մաշտոցի պուրակից մեկնարկել է երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:

Նախաձեռնության մասնակիցները վստահ են, որ Հայաստանը հանքարդյունաբերական հենք ունեցող երկրից պետք է վերածել բնապահպանական հենք ունեցող՝ կայուն զբոսաշրջության վրա կառուցվող երկիր։ 

«Մենք ունենք դա անելու բոլոր հնարավորությունները. ընդամենը պետք է մարտահրավերներն ընդունելիս նայենք ավելի հեռուն և լինենք ավելի համբերատար» ,-ասված է հայտարարության մեջ:

Նամակն ամբողջությամբ՝ այստեղ։