Չիլիում միանգամից 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից՝ սեռական ոտնձգությունների համար կասկածանքի պատճառով

15:39 • 23.05.18

Չիլիի Ռանկագուա քաղաքում միանգամից 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից՝ սեռական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավվածության կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է 24Horas պորտալը:

«Սահմանափակվել են 14 քահանայի ծառայողական լիազորությունները: Նրանք գործողություններ են իրականացրել, որոնք կարող են հանցագործություն համարվել թե՛ քաղաքացիական, թե՛ կանոնական ոլորտներում», - նշել են Ռանկագուայի թեմում:

Նշվում է, որ խոսքը երիտասարդների և երեխաների հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին է, որոնց մասին ավելի վաղ հայտնել է ծխականներից մեկը:

Ավելի վաղ Չիլիի բոլոր 34 եպիսկոպոսները, որոնք մայիսի 15-17-ը Վատիկանում մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումներին, հրաժարականի դիմում են ներկայացրել նրան, ինչի պատճառը մանկապղծության համար մեղադրված երկրի հոգևորականների շուրջ ծագած սկանդալն է:

Հունվարին Չիլի կատարած այցի ժամանակ Հռոմի պապը խիստ քննադատության է ենթարկվել գրեթե 80 չիլիացի հոգևորականների շուրջ ծագած մեծ սկանդալի պատճառով: Հոգևորականները մեղադրվել են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար:

Վերջերս էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առանձնազրույց է ունեցել չիլիացի միասեռական կաթոլիկ Խուան Կառլոս Կրուզի հետ և աջակցության խոսքեր ասել նրան: