Պակիստանում սաստիկ շոգի հետևանքով 65 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)
Պակիստանի խոշորագույն քաղաքում՝ Կարաչիում, անոմալ շոգի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ օդի ջերմաստիճանը հասել է +42 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:
Նշվում է, որ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է եղել՝ ստանալով ջերմային հարված: Համենայն դեպս, այդպես են պնդում նրանց հարազատները:
Պարբերականը նկատում է, որ սաստիկ տապը համընկել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա հետ, երբ միլիոնավոր հավատացյալ պակիստանցիներ արևածագից մինչ մայրամուտ զերծ են մնում սննդի և խմիչքի օգտագործումից: Այսպիսով՝ նրանք ֆիզիկապես թուլանում են ու ավելի շուտ են ենթարկվում ջերմային հարվածի:
Պակիստանի օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սաստիկ տապը ոչ միայն կպահպանվի, այլև կսաստկանա:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. հունիսին Պակիստանում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1.200 մարդ:




















