Իրականացրել ենք դրամավարկային քաղաքականություն՝ ուղղված ներքին պահանջարկի ու գնաճի վերականգնմանը. Ա. Ջավադյանն ԱԺ–ում ներկայացնում է ԿԲ հաղորդումը (ուղիղ)

13:56 • 23.05.18

Կենտրոնական բանկը 2017թ. տնտեսական աճի բարձր ցուցանիշ էր կանխատեսել՝ սպասելով համախառն պահանջարկի ավելի բարձր մակարդակ: Այս մասին ԱԺ-ում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի անցած տարվա աշխատանքը, գնաճի մասին հաղորդումը:

«Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում էր, որ տնտեսական աճի արագացումը պայմանավորող ժամանակավոր գործոններն աստիճանաբար կմարեն: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ԿԲ-ն սպասում էր 7.2-7.4 տոկոս տնտեսական աճ, որին նպաստելու էին մասնավոր հատվածի սպառման ու ներդրումների աճերը: Մինչդեռ, զուտ արտահանը նպաստելը լինելու էր բացասական»,-մանրամասնեց նա:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ գնաճի փոքր արագացում էր կանխատեսվում  տատանումների թույլատրելի միջավայրում:

«Իրականացրել ենք դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը նպատակաուղղված է ներքին պահանջարկի ու գնաճի վերականգնմանը: Գնաճի տեմպերը զգալիորեն արագացել են չորրորդ եռամսյակում, ինչին նպաստել են բնակչության շրջանում ձևավորված լրացուցիչ գնային սպասումները:

Գերագնահատված լրացուցիչ սպասումները հետևանք էին ԵԱՏՄ անդամ երկրների համար սահմանված մաքսատուրքերով»,- ասաց ԿԲ նախագահը: