Քնեսեթում հավանության են արժանացրել Ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը

21:19 • 23.05.18

Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է Вести Израиль իսրայելական ռուսալեզու պարբերականը, բացելով մայիսի 23-ի խորհրդարանական նիստը՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը՝ անկախ Թուրքիայի հետ կապված իրավիճակից: «Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը որպես հրեաներ և որպես պարզապես մարդիկ: Պարտքը, որի կատարման կոչով արդեն քանի տարի է հանդես եմ գալիս», - ասել է խոսնակը:

«Ամաչում եմ լսել, թե ինչպես են ժողովրդի ընտրյալները և հասարակական գործիչները Ցեղասպանության ճանաչումն անվանում «պատասխան թուրքերին»: Մի՞թե պատմությունը փոխվում է Էրդողանի հետ մեր հարաբերություններից»,- հավելել է Էդելշտեյնը:

Տամար Զանդբերգը, որն առաջարկել է Քնեսեթի օրակարգում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ասել է. «Ճանաչելուց հրաժարվելը ստվեր է նետում Իսրայելի բարոյական կերպարի վրա, հատկապես այն ֆոնին, որ այդ մերժումը թելադրված է քաղաքական նկատառումներով»:

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացվեց, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ դատապարտելով պաղեստինցի ցուցարարների սպանությունը:

Պաղեստինցիները բողոքի զանգվածային ակցիա էին կազմակերպել մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման առթիվ: Այդ օրը իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 60 պաղեստինցի էր մահացել: