Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի շարք պայմանագրերից

10:02 • 23.05.18

Հրապարակվել է Ուկրաինայի համար ԱՊՀ շրջանակներում մի շարք միջազգային պայմանագրերի գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում, հաղորդում է lenta.ru-ն:

Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 19-ին: Նույն օրը Պորոշենկոն հայտարարել է ԱՊՀ կանոնադրական մարմիններից ներկայացուցիչներին հետ կանչելու մասին՝ նշելով, որ «նրանք այնտեղ այլևս բան չունեն անելու, մենք շարժվում ենք միասին դեպի Եվրոպա»:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

ԱՊՀ կանոնադրական մարմիններին երկրի մասնակցությունը դադարեցնելու մասին նախագիծը սկսել են պատրաստել ապրիլին: