Տ. Մարգարյանը գնացել է այդ քայլին ինձանից ձերբազատվելու համար, բայց դա չի փրկելու նրան. ավելի համառ ձևով եմ զբաղվելու Երևանի խնդիրներով. Ա. Սիմոնյան  

13:28 • 24.05.18

 

Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: Դա չի փրկելու, չի օգնելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք: Արել եմ դա միշտ, նույնիսկ երբ քաղաքական գործունեությամբ չէի զբաղվում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այս քայլը իրավական առումով շատ վիճելի է, և մեծ հաշվով՝ ոչ իրավական. «Փաստացի, ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել: Տարոն Մարգարյանը դա արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակները և հնարավորություններն օգտագործելով»:

Ա. Սիմոնյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին:

«Խնդրել եմ «Ելք» խմբակցությանը ինձ հնարավորություն տալ մասնակցելու մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին: Ցավոք, այս պահին որպես ավագանի չեմ կարող մասնակցել այդ նիստին, բայց ես կմասնակցեմ այդ նիստին»,- նշեց նա:

Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ 

Մանրամասները՝ տեսանյութում: