Հայաստանի կողմից ձեռք բերվելիք «Տոր» զենքը ադրբեջանական ավիացիայի համար միանշանակ լուրջ խնդիրներ կստեղծի. Ալ. Խրամչիխին

23:16 • 24.05.18

ՀՀ Զինված ուժերի համալրումը «Տոր» զենիթա-հրթիռային համակարգերով միայն օգուտ է Հայաստանի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

««Տոր»-ը գերժամանակակից զենք է, այն շատ շահեկան ու օգտակար կլինի Հայաստանի Զինված ուժերի համար: Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունը սովետական արտադրության է, մասամբ հնացած է, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությունը: Իսկ «Տոր»-ը ժամանակակից է»,- նշեց Խրամչիխինը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը չունի համապատասխան զենք՝ հակազդելու «Տոր»-ին:

«Ադրբեջանական ավիացիայի համար «Տոր»-ը միանշանակ լուրջ խնդիրներ կստեղծի: Ադրբեջանի ավիացիան էլ սովետական է, և դրա համար իրենց բարդ կլինի դիմադրել դրան»,- նշեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետն ասաց, որ հստակ տեղեկություններ չունի, թե որ փաստաթղթի շրջանակներում է Ռուսաստանից «Տոր» փոխանցվելու Հայաստանին, բայց ենթադրեց, որ խոսքն անցած տարի կողմերի միջև ստորագրված 100 միլիոնի վարկի դիմաց ռուսական արտադրության սպառազինություն գնելու համաձայնագրի մասին է: