Ողջամիտ ամենակարճ ժամկետում Սամվել Բաբայանի գործով բերված բողոքներին ընթացք է տրվելու. դատավոր Սերժիկ Ավետիսյան

13:08 • 24.05.18

Օրենքով սահմանված ժամկետում, հատուկ ուզում եմ ընդգծել, ողջամիտ ամենակարճ ժամկետում Սամվել Բաբայանի գործով բերված բողոքներին ընթացք է տրվելու:

Այս մասին Սամվել Բաբայանի աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությանը, որը ներկայացրել էին պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը, դատավորը նշեց, որ նման կարգի միջնորդությունները Վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ:

«Այն օրը, երբ մենք Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքի կապակցությամբ կայացնենք համապատասխան որոշում, միաժամանակ կանդրադառնանք նաև խափանման միջոցի փոփոխման հարցին: Պալատն իր ողջ ներուժով ամեն ինչ անում է, որ մենք նշված ժամկետում հանգենք համապատասխան եզրակացության, կայացնենք օրենքով նախատեսված որոշումներից մեկը»,- հայտնեց նա:

Սերժիկ Ավետիսյանը ողջունեց նոր ձևավորված իշխանության, հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության անկախության վերաբերյալ հայտարարությունները:

«Ցանկացած միջամտություն դատական համակարգում անթույլատրելի է: Յուրաքանչյուր դատավոր գիտակցում է, որ ինքն այդպիսին պարտավոր էր լինել առաջին իսկ օրվանից, երբ իրեն նշանակել են դատավոր»,- նշեց նա:

Սերժիկ Ավետիսյանը նաև հայտարարեց, որ դատական համակարգի դատավորների անկախությունը վերջին երկու տարիների ընթացքում ավելի բարձրացել է:

«Վերջին օրերին դատավարության տարբեր մասնակիցներ, այդ թվում՝ պաշտպաններ, նշում են, որ ստորադաս դատարանների դատավորները հաճախ որոշումներ են կայացնում Վճռաբեկ դատարանի ցուցումով, հորդորով: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ վերջին տարիներին այդպիսի բան գոյություն չունի: Տարիներ առաջ այդպիսի խնդիր եղել է, բայց այդ պրակտիկան այլևս գոյություն չունի: Քրեական գործերով դատական ակտերը մեր դատարանները կայացնում են ինքնուրույն»,- ասաց Վճռաբեկ դատարանի դատավորը: