Հիմա լավ, հարմար առիթ է՝ անդրադառնալու ԸՕ-ում նկատված բոլոր խնդիրներին. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԿԸՀ-ում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն:
«Ես կարծում եմ, որ որևէ աշխատանք կատարյալ չի լինում, և աշխատելու ընթացքում կարևորագույն խնդիրը միշտ կատարելագործվելն է: Սա արձանագրել են նաև միջազգային ու տեղական դիտորդական կազմակերպությունները: Ես չեմ կարող ասել, թե վարչապետն ինչ է իր խոսքում նկատի ունեցել: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա ԿԸՀ-ը բազմիցս առիթ ունեցել է իր մերժողական դիրքորոշումը դրա մասին հայտնելու»,- ասաց նա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշմանը՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Կան առանձին հարցադրումներ, որոնք արվում են քաղաքական ուժերի կողմից, և դրանք վերաբերում են նոր քաղաքական լուծումների ամրագրմանը, մասնավորապես՝ կապված շրջանառվող ռեյտինգային ցուցակների հետ, դրանք քաղաքական հարցեր են: Կան խնդիրներ, որոնք ամրագրվել են դիտորդական առաքելությունների զեկույցներում՝ տեղական, օտարերկրյա»:
Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք ի հայտ են եկել այս կամ այն նորմի պրակտիկ կիրառության հետ, և դրանով պայմանավորված է եղել այն հանգամանքը, որ ԸՕ ընդունումից հետո պարզաբանումներ է տվել հանձնաժողովը:
ԿԸՀ նախագահը գործող ընտրական օրենսգրքի մեխանիզմներն արդյունավետ համարեց և նշեց, որ միշտ հնարավոր է ցանկացած փաստաթուղթ կատարելագործել: «Ես կարծում եմ, որ այդ նկատված բոլոր խնդիրները հիմա լավ հարմար առիթ են դրան անդրադառնալու և ավելի հստակեցնող, կատարյալ լուծումներ գտնելու, որը հնարավորություն կտա զերծ մնալ տարամեկնաբանություններից, տարընկալումներից»,-ասաց նա:
Հարցին, թե իր աշխատասենյակում ում նկարն է փակցված եղել հեղափոխությունից առաջ և հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ իր աշխատասենյակում երբևէ երկրի ղեկավարի լուսանկար փակցված չի եղել : «Իմ աշխատասենյակում փակցված է ՀՀ անկախության հռչակագիրը, դրոշ, զինանշան»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու նախագահի լուսանկարը չի փակցվել, նա ասաց՝ որովհետև ԿԸՀ-ն անկախ, ապաքաղաքական մարմին է:










