Բրիտանացին Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած բունկեր է հայտնաբերել իր պարտեզում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Միդլսբրո քաղաքի բնակիչ Քրիս Սքոթը Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած լքված բունկեր է հայտնաբերել իր պարտեզում: Այս մասին հայտնում է Evening Gazette-ը:
Սքոթի խոսքով՝ պարտեզում աշխատելու ժամանակ ինքը ջրահեռացման համակարգի կափարիչ է գտել, շինարար Թոնի Սայզերի հետ երկու օրվա մեջ բացել է այն ու բետոնից կառուցված ռմբապաստարան հայտնաբերել՝ երկու սենյակով ու վթարային ելքով:
«Այնտեղ մի շարք էլեկտրական սարքավորումներ ու տարբեր անջատիչներ կային: Սենյակներից մեկում փոշոտ մեծ սեղան կար. հավանաբար, սեղանի արկղերում այն ժամանակներից բաներ են մնացել»,- պատմել է Սքոթը՝ հավելելով, որ ապաստարանը նախատեսված է եղել մոտ հարյուր մարդու համար:
«Հարևաններն ինչ-որ բան էին ասում մոտակայքում բունկերի մասին, սակայն ես ուշադրություն չէի դարձնում նրանց խոսքերին», - հավելել է բրիտանացին: Այժմ նա պլանավորում է վերակառուցել բունկերը:



















