Հայաստանում արջի ձագերն ազատ են արձակվել՝ բրիտանական կազմակերպությունից ստացած օգնությունից հետո (տեսանյութ)

12:31 • 24.05.18

Սասեքսում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպության օգնությունից հետո, Հայաստանում գտնվող 2 մեկ տարեկան արջի ձագերն ազատ են արձակվել և բաց թողնվել անտառ։ BBC-ի տեսանյութում երևում է այն պահը, երբ ձագերը դուրս են վազում վանդակներից դեպի անտառ:

BBC-ի հաղորդմամբ՝ ձագերի մայրը մեկ տարի առաջ սպանվել է, ինչից հետո արջուկներին փրկել են և խնամել։

Արջերին ամրացրել են հատուկ GPS օղակներ, որոնք հետևելու են նրանց տեղաշարժին առաջին տարվա ընթացքում: Առաջին տվյալներն արդեն ստացվել են՝ ձագերը ողջ են և գտնվում են անտառի խորքերում: Թե որ անտառ են բաց թողնվել նրանք՝ չի հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը:

Հաղորդվել էր նաև, որ Սասեքսում տեղակայված կազմակերպությունը ստացել է Հայաստանի կառավարության աջակցությունը և մտադիր է սարսափելի պայմաններից ազատել 80 արջի՝ մեկ կենդանու համար նախատեսելով 4 հազար դոլար: Այդ գումարը նախատեսվում է կենդանիների տեղափոխության, խնամքի և վերականգնման համար:

Կազմակերպությունը հուսով է, որ կկարողանա արջերից մի քանիսին բաց թողնել անտառներ, բայց քանի որ նրանց մի մասն իրենց ամբողջ կյանքն անցկացրել են գերության մեջ, այն կառուցում է 75.000 եվրո արժողությամբ ապաստարան այն կենդանիների համար, որոնք չեն կարողանա գոյատևել վայրի պայմաններում: