Լոս Անջելեսում 3 հայի մեղադրանք է առաջադրվել ապահովագրական ընկերություններից խարդախությամբ 8 մլն դոլար ստանալու համար

10:34 • 24.05.18

Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտի հինգ բնակչի մեղադրանք է առաջադրվել բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության ծրագրի իրագործման համար:

Ինչպես նշում է dailynews.com կայքը, մեղադրյալներից երեքն ազգությամբ հայ են:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք խարդախության ծրագիրն իրագործել են Սան Ֆերնանդո հովտի երկու կլինիկաների միջոցով՝ պատճառելով 8 մլն դոլարի վնաս:

Մեղադրանքում նշվում է, որ ոմն Ռոշանակ Խադեմ (ծրագրում ներառված կլինիկաների տերը) մեղադրյալներից մեկի օգնությամբ գծել է խարդախության սխեման, որի շրջանակում նրանք հաճախորդներին տրամադրել են ապահովագրության կողմից չփոխհատուցվող անվճար կոսմետիկ ծառայություններ (օրինակ՝ բոտեքսի ներարկում), ինչի դիմաց հաճախորդները նրանց իրենց բժշկական ապահովագրության մասին տեղեկություններ են փոխանցել:

Հայտնի է, որ մեղադրյալները, որոնք աշխատել են Խադեմի կլինիկաներում, այնուհետև կեղծ հաշիվներ են ներկայացրել ապահովագրական ընկերություններին՝ իրականում չմատուցված ծառայությունների համար: Մեղադրյալների հետ համագործակցելու դիմաց հաճախորդները ոչ միայն մի շարք անվճար ծառայություններից են օգտվել, այլև ապագայի համար խոշոր զեղչեր են ստացել:

Աղբյուրը նկատում է, որ խարդախության ծրագրի կենտրոնական անձը եղել է Սանտա Կլարիտայի 44-ամյա բնակիչ Գարի Ջիզմեջյանը, որը նախկինում որպես ավագ քննիչ է աշխատել Anthem Blue Cross բժշկական ապահովագրական ընկերությունում: Նա աշխատել է այն բաժնում, որը պատասխանատու է եղել  հաճախորդների կողմից խարդախության դեպքերի բացահայտման ու ներքին հետաքննության համար:

Իրականում Ջիզմեջյանը համագործակցել է Խադեմի և նրա բժշկական կլինիկաների հետ՝ նրան գաղտնի տեղեկություններ փոխանցելով ապահովագրական ընկերության, ապահովագրական հաշիվների ծածկագրերի, խարդախության հարցով հետաքննությունից խուսափելու տարբերակների վերաբերյալ:

Բացի այդ, Ջիզմեջյանը շեղել է իր գործընկերների ուշադրությունը խարդախությամբ զբաղվող կլինիկաներից, ինչպես նաև հավաքագրել է բժիշկների՝ իրենց հետ համագործակցելու համար:

Նշվում է, որ հանցախմբի գործողություններից տուժել է ոչ միայն Anthem Blue Cross-ը, այլև մի շարք այլ ընկերություններ: 

Հայտնի է, որ 5 հոգանոց հանցախմբի մյուս հայազգի անդամներն են Պանորամա Սիթիի 49-ամյա բնակչուհի Մարինա Սարգսյանը (կլինիկաների գրասենյակային մենեջերը) ու Նորթ Հիլի 38-ամյա բնակչուհի Լուսինե  Իլանգեզյանը:

2012-2017թթ. ընթացքում մեղադրյալներն ապահովագրական ընկերություններին 20 մլն դոլարի կեղծ հաշիվ են ներկայացրել, որից ստացել են 8 մլն-ը:

Բոլոր մեղադրյալներին ներկայացվել է 14 կետանոց մեղադրանք, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է առավելագույնը 10 տարվա ազատազրկում: